Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել հաղթահա...

Նախագահ Լի Ջե Մյունը հայտարարել է, որ շարունակելու է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ չնայած Փհենյանի կողմից երկխոսության առաջարկի մերժմանը, նշելով, որ երկու Կորեաները պետք է հաղթահարեն անցյալի դիմակայությունը և ձգտեն խաղաղության ու կայունության, հայտնում է Yonhap.news-ը:

«Մենք պետք է հետամուտ լինենք այնպիսի արժեքների, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը։ Մենք պետք է վճռականորեն վերջ դնենք անցյալին, որը գնում էր դեպի դիմակայություն և պատերազմ»,- ասել է Լին Կապույտ տանը ավագ օգնականների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև կոչ է արել սթափ վերլուծել նախկին մոտեցումները, որոնք հրահրել են լարվածություն Կորեական թերակղզում։

«Մենք պետք է լրջորեն մտածենք՝ արդյո՞ք Հյուսիսային Կորեայի նկատմամբ նախկին նվաստացումները կամ սպառնալիքներն իրականում նպաստել են Կորեական թերակղզու խաղաղությանն ու կայունությանը, կամ ծառայել են Կորեայի Հանրապետության շահերին ու անվտանգությանը», - ասել է նա։

Միջկորեական հարաբերությունները կարգավորելու համար Լին ընդգծել է տևական թշնամանքը մեղմելու և Փհենյանի հետ վստահություն կառուցելու ուղղությամբ շարունակական ջանքերի անհրաժեշտությունը։

«Ես հավատում եմ, որ տևական խաղաղությունն ու կայունությունը ի վերջո կարող են հաստատվել Կորեական թերակղզում՝ հետևողական հաղորդակցության, երկխոսության մեջ ներգրավվելու, համագործակցությանն ուղղված ջանքերի և վստահության ու փոխըմբռնման աստիճանական կառուցման միջոցով»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է Հարավային Կորեայի հետ որևէ տեսակի կապերից ամբողջական հրաժարման մասին: