Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի կողմից տրված բացատրություններն այն պատճառների մասին, որոնք նրան դրդել են ռազմական դրության ժամանակ ընտրական հանձնաժողովի շենքերի գրավման մասին հրաման տալ, միայն հաստատել են նրա գործողությունների անօրինականությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Նախագահի ուղերձը հստակորեն հաստատեց, որ ռազմական դրության պայմաններում զորքերի կողմից ընտրական հանձնաժողովների շենքերի հանկարծակի գրավումը և համակարգչային սերվերները զավթելու փորձը, որոնք օրինական հիմքեր չունեին, հակասահմանադրական և հակաօրինական գործողություններ էին»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը հանրային ելույթում ասել էր, որ անցյալ տարվա երկրորդ կեսին Հյուսիսային Կորեայի կողմից հաքերային հարձակումներ են իրականացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և պետական այլ մարմինների դեմ, որոնք հայտնաբերել է Ազգային հետախուզական ծառայությունը, և հետագայում որոշել է ստուգումներ անցկացնել տեղեկատվության արտահոսքի կանխման և համակարգչային անվտանգության ապահովման նկատառություններով:
Նախագահի խոսքով՝ բոլոր տուժած կազմակերպությունները համաձայնել են գործել իրենց վերահսկողության ներքո, իսկ ընտրական հանձնաժողովը սկզբում մերժել է՝ թույլ տալով մասնակի աուդիտ անցկացնել միայն ԿԸՀ-ում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն սկսելուց հետո։