ԱՄՆ-ը Patriot համալիրներ է տեղափոխում Մերձավո...

Ամերիկացի զինվորականները Տեխասից Մերձավոր Արևելք են տեղափոխում Patriot զենիթահրթիռային համալիրներ՝ տարածաշրջանի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր գործողության ֆոնին, հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Պենտագոնը նաև անձնակազմը դուրս է բերում Մերձավոր Արևելքում գտնվող խոցելի ռազմակայաններից՝ պատրաստվելով իրավիճակի հնարավոր սրմանը։ Բացի այդ, տարածաշրջանում ամերիկյան ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստ են հարվածներ հասցնելուն, նշել են աղբյուրները։

Նրանք նշել են, որ հաջորդ ամիս Մերձավոր Արևելքում արդեն գտնվող ամերիկյան շուրջ 20 ռազմանավերից բաղկացած խմբավորմանը պետք է միանան ևս մեկ ավիակիր հարվածային խումբ և դեսանտային նավեր՝ ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանմամբ։

Թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Վաշինգտոնը Պարսից ծոցի մի շարք երկրների տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին։

Աղբյուրների տվյալներով՝ հնարավոր թիրախների թվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային համալիրներն ու անօդաչու թռչող սարքերը։