Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ընդդիմադիր պատգամավորների հետ լրացուցիչ քննարկել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերն ու մտահոգությունները՝ թե՛ բաց, թե՛ փակ ձևաչափով։
Ազգային ժողովում Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում Միրզոյանն արձանագրել է, որ բուն քննարկվող հարցի վերաբերյալ առանձնապես բանավեճ տեղի չի ունեցել, իսկ քննարկման հիմնական մասը վերաբերել է նախորդ հարցին՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին։
Նախարարը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի կանոնադրության վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության արտահայտած դիրքորոշումը և կրկին կոչ արել կողմ դիրքորոշում որդեգրել նաև ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագրի վավերացման հարցում։
«Եթե դեռ հարցեր կան, եթե դեռ մտահոգություններ կան, ինչպես երեկ ասացի, և՛ բաց, և՛ փակ ռեժիմով պատրաստ եմ ձեր ասած ժամկետում գալ քննարկման»,- հայտարարել է նա։



