Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել նախագահ Յուն Սոկ Յոլին ապստամբության գործով: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Yonhap գործակալությունը։
Հունվարի 23-ին բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության վարչությունը Յուն Սոկ Յոլի գործը հանձնել է դատախազությանը։ Նույն օրը դատախազությունը դատարանին խնդրել է երկարաձգել նախագահի կալանքը։ Դատարանը երկու անգամ հրաժարվել է կալանքը երկարաձգել։
Յուն Սոկ Յոլը ձերբակալվել է հունվարի 15-ին, դատարանը նրան կալանավորել է հունվարի 19-ին։ Ինչպես նշում է Yonhap-ը, դատախազությունը որոշել է մեղադրանք առաջադրել ազատազրկման ժամկետի ավարտից մեկ օր առաջ։
Յուն Սոկ Յոլը մեղադրվում է ռազմական դրություն հայտարարելու միջոցով կառավարության դեմ ապստամբելու համար։ Մասնավորապես, կասկածներ կան, որ նա զինվորականներին խորհրդարան է ուղարկել՝ ռազմական դրությունը հանելու քվեարկությունը խափանելու համար։