
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ պնդել է, թե այնտեղ իրականացվում է ցեղասպանություն երկրի սպիտակամորթ ազգաբնակչության նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Օվալաձև աշխատասենյակում լրագրողների առջև հանդիպման ժամանակ Թրամփը հրահանգել է անջատել լույսերը և մոտ 4-րոպեանոց տեսանյութ է ցուցադրել, որում սևամորթ քաղաքական գործիչները, որոնցից ոչ մեկը Ռամաֆոսայի կառավարության կամ կուսակցության անդամ չէ, կոչեր էին հնչեցնում ապարտեիդի դեմ և սպիտակ հարավաֆրիկացիների վրա հարձակվելու մասին։
Տեսանյութի վերջում ցուցադրվել են սպիտակ խաչեր, որոնք, ըստ Թրամփի, ներկայացնում են սպանված սպիտակամորթ ֆերմերներին։
Սիրիլ Ռամաֆոսան թերահավատորեն է վերաբերվել այս տեսանյութին՝ նշելով, որ երբեք նման բան չի տեսել։
Թրամփը նաև փաստաթղթեր է ներկայացրել՝ ասելով, որ դրանք տպված հաղորդագրություններ են սպիտակամորթ ֆերմերների դեմ հարձակումների մասին։
Ռամաֆոսան հերքել է ՀԱՀ-ում ցեղասպանության մասին մեղադրանքները և Թրամփին կոչ է արել լսել իր պատվիրակության անդամներին։ Ջոան Ռուպերտը, որը Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահարուստ մարդն է, ասել է, որ «շատ մահեր կան, և դրանք միայն սպիտակամորթ ֆերմերները չեն»։
Ամերիկյան լրատվամիջոցները Սիրիլ Ռամաֆոսայի հետ Դոնալդ Թրամփի հանդիպումը նմանեցնում են փետրվարին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը կայացած նրա հանդիպմանը, որի ժամանակ երկու նախագահները վիճաբանել էին։
Ըստ Reuters-ի՝ Ռամաֆոսան հույս ուներ, որ մայիսի 21-ին Թրամփի հետ հանդիպումը կնպաստի ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների վերագործարկմանն այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկել էր օգնությունը ՀԱՀ-ին, ապաստան էր տրամադրել ՀԱՀ-ի սպիտակամորթ քաղաքացիներին, արտաքսել էր այդ երկրի դեսպանին, ինչպես նաև քննադատել երկրի կողմից Իսրայելի դեմ ներկայացված դատական հայցը, որով ՀԱՀ-ն Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։