
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ միջոցառումը պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։
Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով, որոնց ընթացքում նախատեսվում է հետևողականորեն մշակել հավաքական որոշումների նախապատրաստումը կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման և ծավալման համար:
«Առաջին փուլում կլուծվեն հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման հարցերը», - ասել է Սերդյուկովը:
Երկրորդ փուլում, շտաբի պետի խոսքով, պլանավորված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման խնդիրների մշակում, որոնք նախատեսում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերի ձևավորում և տեղակայում և ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում:
Երրորդ փուլում պլանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում խաղաղապահ գործողության նախապատրաստման խնդիրների մշակում։
«Այս տարի առաջին անգամ նախատեսվում է մշակել ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման ձևավորման և ծավալման հարցերը՝ խաղաղապահ գործողության անվտանգության ապահովման համար», - նշել է Սերդյուկովը:
Բացի այդ, իրականացվում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի գործնական համագործակցության շուրջ համաձայնությունները: