ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում. Ալե...

Հայաստանի իշխանությունները կիսում են յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը:

«Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցելը սառեցված հարաբերություն է: Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որ մնացել է անպատասխան. ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանը ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին ո՞ր սահմանով է անդամագրվել: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է ու չի աշխատում»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Ուզում եմ մի քիչ վստահեք ներքաղաքական դիրքորոշմանը ու մարտավարությանը, վստահեք մի քիչ էլի։ Շատ բաներ կան, չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները։

Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ անընդհատ երազում  ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք։ Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունը ապահովելն է ու ամբողջը զամբյուղի մեջ չդնելը։ Մենք այդպես արեցինք ու երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաև շատ բաների վրա աչք փակեց։

Հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր։ Գուցե իրենց երկրում, որտեղ կա 12 ժամային գոտի, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ։ Այդ փորձը այստեղ չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին։ Դա հո մենք չարեցինք, դա արեցին  իրենց գործողությունները, այն սուտը, որ լցնում էին էկրաններից, երբ մարդիկ, ովքեր մեզ չեն սիրում, ասում էին դա սուտ է»։