Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կմեծացնի իր ուժերի ռազմական ներուժը, այդ թվում՝ գերժամանակակից զենքերով զինվելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում։
«2025 թվականին երկարաձգված Հավաքական անվտանգության ռազմավարության շրջանակներում մեր կազմակերպությունը մտադիր է շարունակել ՀԱՊԿ զորքերի [համատեղ ուժերի] մարտական ներուժի զարգացումը, այդ թվում՝ դրանք զինելով ժամանակակից հետախուզական համակարգերով, էլեկտրոնային պատերազմի համակարգերով, անօդաչու [ռոբոտացված] սարքերով և զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ կառույցը մտադիր է մշակել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար ռազմական պատրաստության ծրագրեր, որոնք հաշվի կառնեն կուտակած փորձը։
«Մեր պատասխանատվության գոտում, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում, պայմանագրի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է կանխել կամ մեղմել մի շարք ճգնաժամեր։ Բնականաբար, մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ կանխարգելիչ, քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։ Միաժամանակ, մենք կատարելագործում ենք մեր կարողությունները և շարունակում ենք քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման ուղղությամբ», - նշել է Մասադիկովը։
Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է վերսկսել համագործակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ։
Նա Միավորված ազգերի կազմակերպությունն անվանել է ՀԱՊԿ առանցքային գործընկեր՝ նշելով․ «ՀԱՊԿ-ն և ՄԱԿ-ը զարգացնում են համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը, խաղաղապահությունը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային տեղեկատվական անվտանգությունը»։
Թաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերին Բելառուսում տեղի կունենան ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2026» զորավարժությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարի 23-ին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը։



