Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը՝ որը կապված էր ՀԱՊԿ-ի հետ: ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:
«Մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որի դիմաց պետք է ստանայինք սպառազինություն ու տեխնիկա, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն էլ ոչ այդքան՝ չէր իրականացվում մատակարարումները: Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք պարադիգմը պետք է փոխենք: Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը՝ չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծումը: Դա էր պատճառը, երբ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին, սրանք կարևոր նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չի: Այս հարցը պետք է շատ կոնկրետ պատասխան ստանա, և հանրությունը այս նրբությունները արձանագրի: Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ՀՀ-ն հենց այս կոորդինատներում է դիրքավորվում՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և այս սկզբունքներով է առաջնորդվում:
Անդրադառնալով Եվրամիության անդամ դառնալուն՝ Փաշինյանը շեշտեց, որ պետք է գնալ ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով. «Նախորդ տարի էական էր Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, որը նշանակություն ունի մեր երկրի ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսակետից: Արդյո՞ք մենք ուզում ենք լինել Եվրամիության լիիրավ անդամ՝ այո, աներկբա ու միանշանակ: Երկիրը պետք է համապատասխանի Եվրամիության ստանդարտներին: Հակառակ դեպքում խնդիր դնելը այդ պայմանի շրջանցմամբ դառնալ Եվրամիության անդամ՝ ժամանակի կորուստ է: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ամուր ու հստակ պետք է գնանք ՀՀ-ն Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»:



