ՀԱՊԿ-ի մասով անընդհատ հետ նայելու ռեժիմում չպետք է լինենք և վերադարձ դեպի այդ կառույց ակնկալելն իրատեսական չէ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այլ քննարկումներ եղել են ՀԱՊԿ-ի մասով, և արդյոք հայկական կողմի մոտ կա՞ փոփոխություն ՀԱՊԿ–ին անդամակցելու կամ դուրս գալու մասով։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Շատ լավ. եղել է 2021 թվական, 2022 թվական, սակայն մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք։ Մեր հարաբերությունները մեծ օրակարգ, մեծ պոտենցիալ ունեն, և մենք պետք է առաջ նայենք, քանի որ, այո, ամեն մեկն ունի իր ճշմարտությունն այդ հարցերի վերաբերյալ։ Մենք չպետք է անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթև անել։ Իհարկե, դրա անհրաժեշտությունը կար, սակայն կարծում եմ` բավարար չափով ծանրութեթև արել ենք և եկել ենք որոոշակի եզրակացությունների, հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ»,– նշեց վարչապետը։
Նա ավելացրեց, որ Պուտինի հետ ՀԱՊԿ–ի վերաբերյալ շարունակել են քննարկումները, սակայն ՀՀ վարչապետի եզրակացությունն ու առաջարկը սա է եղել՝ եթե հնարավոր լինի, բավարար չափով քննարկված համարել այս թեման և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, այսինքն` անընդհատ հետ նայելու այդ ռեժիմում չլինեն։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:



