ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները դատապարտել...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտաքին գործերի նախարարները վճռականորեն դատապարտում են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, այդ գործողությունները սպառնում են անկայունացնել տարածաշրջանը: Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի իրադրության կապակցությամբ նախարարների հայտարարության մեջ:

«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներս, խիստ անհանգստություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման պատճառով: Վճռականորեն դատապարտում ենք ուժային ակցիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ: Անկեղծորեն ցավակցում ենք բոլոր տուժածներին և սգում փոխադարձ հարվածների հետևանքով զոհվածների համար», -  փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ըստ հայտարարության՝ քաղաքացիական օբյեկտների, ներառյալ միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում կտրականապես անընդունելի է և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում:

«Դա ստեղծում է իրադրության հետագա անկայունացման ռիսկեր ամբողջ տարածաշրջանում, հղի է համաշխարհային խաղաղության և կայունության համար կործանարար հետևանքներով», - նշվում է փաստաթղթում:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները կոչ են արել հրաժարվել խնդիրների լուծման ուժային մեթոդներից և թույլ չտալ նոր հարձակումներ ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային կայանքների վրա: 

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նաև նշել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը  բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներով լուծման այլընտրանք չունի: