Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ից ստանձնած Իմանգալի Տասմագամբետովն ընդունել է փետրվարին Մինսկ այցելելու հրավերը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Նորանշանակ գլխավոր քարտուղարին հրավիրել են փետրվարին Բելառուս՝ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հաստատելու ծրագիրը։ Իմանգալի Տասմագամբետովի հրավերն ընդունվել է», - մեջբերել է ԲելՏԱ-ն նրա խոսքերը։
Վոլֆովիչը հավելել է, որ այս պահին ՀԱՊԿ քարտուղարության հետ միասին մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստում ընդունված որոշումների իրականացման և 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման ծրագիրը։ «Այդ ծրագիրն արդեն ուղարկվել է ՀԱՊԿ երկրների հաստատմանը, կարծում եմ, որ մոտ ապագայում այն կհաստատվի»,- ասաց նա։
Բելառուսը ՀԱՊԿ-ում նախագահում է 2022 թվականի նոյեմբերից։ Գործող ընթացակարգի համաձայն՝ 2023 թվականի հունվարից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարի ժամկետով փոխանցվել է Ղազախստանի ներկայացուցչին։



