Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ...

Նախաձեռնությունը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց` ապրանքների վաճառքների, գործարքների, դրանց գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման և փաստաթղթավորման հաշվետվությունների ներկայացման կարգավորումներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Մասնավորեցնելով՝ ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ առաջարկվում է հստակեցնել էլեկտրոնային առևտրի շրջանակում ԵԱՏՄ հարթակներով ֆիզիկական անձանց՝ վաճառվող ապրանքների մասով օրենսգրքով սահմանված հասկացությունը, սահմանել ապրանքների՝ էլեկտրոնային առևտրի շրջանակում դրանց մատակարարման վայրի, հարթակների շահագործողների մասով՝ արտարժույթի փոխարժեքի, պարտավորությունների ծագման պահի որոշման հետ կապված դրույթները, որոնք, ըստ էության, համանման են այսօր գործող օրենսդրական կարգավորումներին՝ որոշակի փոփոխություններով:

«Ապրանքի մատակարարման վայրը կհամարվի ՀՀ-ն, եթե էլեկտրոնային հարթակի միջոցով վաճառվող ապրանքը հանձնվի ֆիզիկական անձին ՀՀ տարածքում: Այդ մասով կառաջանա ԱԱՀ-ի պարտավորություն, որի առաջացման պահն այսուհետ կսահմանվի վճարման ամվա վերջին օրը՝ ի տարբերություն գործող օրենսդրության, երբ վճարումները կատարվում են եռամսյակային ժամկետներում»,- պարզաբանել է զեկուցողը:

Հաջորդ կարգավորումը վերաբերում է հարթակների միջոցով ՀՀ տնտեսվարողների կողմից ԵԱՏՄ անդամ այլ երկրներ վաճառվող ապրանքներին:

«Վաճառք իրականացնող հարթակը ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից վաճառված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի ՊԵԿ-ին: Այն կտեղադրվի նաև հարկ վճարողի անձնական էջում, ինչն էլ հիմք կհանդիսանա, որպեսզի վաճառողն այլևս փաստաթղթավորում չիրականացնի ու դրանով կիրառի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ»,- նշել է զեկուցողը՝ հավելելով, որ այս կարգավորումների արդյունքում պարզեցվում են ՀՀ տնտեսվարողների համար ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածք ապրանքների վաճառքի փաստաթղթավորումն ու հաշվետվողականությունը:

Հաշվի առնելով օրենքով կատարվող փոփոխություններին  համապատասխան իրականացման ենթակա ծրագրային աշխատանքները՝ առաջարկվել է, որ օրենքն ուժի մեջ մտնի օրենքի դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Հիշեցնենք, որ կարգավորումների համաձայն՝ նախատեսվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի և պետական տուրքի վճարումներն ու ճանապարհային հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպարտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը ՀՀ տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրն առաջարկել է եւս մեկ արտոնություն սահմանել:

Այսպիսով, եթե տրանսպորտային միջոցը մուտք գործի ՀՀ տարածք, սակայն չլքի մաքսային հսկողության գոտու տարածքն ու հետ վերադառնա, ապա դրա համար ճանապարհային հարկ չի գանձվի:

Հանձնաժողովը լրամշակված տարբերակով նախագծին տվել է դրական եզրակացություն: