Ռուսաստանի Դաշնությունում երեկ կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում է կայացել»,– ասացին փոխվարչապետի գրասենյակից:
Նշենք, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների հանդիպման մասին նշվում էր նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման մասին հաղորդագրությունում, որը հրապարակել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։



