ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին:
«Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետական ծառայողական մեքենաների հարցը կլուծի «կացնային» ձևով:
«Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ «կացնային» մոտեցման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին»,- ասել էր վարչապետը՝ նշելով, որ ավտոպարկի շատ մեծ տոկոսը՝ մոտավորապես 70-90 տոկոսը, կրճատվելու է: