
Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն:
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն այնուհետև տեղափոխվեց 2024 թվականին, որը հետագայում չեղարկվեց։
Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Երևանում Ջենիֆեր Լոպեսի կայանալիք համերգին, ասել էր. «Այս պահին ես որեւէ բան չունեմ ձեզ այս թեմայով ասելու, որովհետեւ եղել են հայտարարություններ, մնացածը ցույց կտա ընթացքը»:
Հարցին, թե պետությունը մասնակցություն ունի՞ այս համերգի կազմակերպչական գործընթացին, նա պատասխանել էր․ «Պետությունն ի սկզբանե կազմակերպման գործընթացին մասնակցություն չունի, մեր քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որպեսզի Հայաստանն այդ առումով դառնա գրավիչ հարթակ եւ զբոսաշրջային ուղղություն։ Բայց ինչ վերաբերում է ձեր նշած կոնկրետ դեպքին, ապա ես այս թեմայով որեւէ մեկնաբանություն չունեմ»։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։
«Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել էին, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը, սակայն Սնուփ Դոգը համերգի համար ստացած հոնորարը հետ է վերադարձրել։