Համասեռամոլը ասելու է՝ ես կին չեմ բռնաբարել,...

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում կարգավորված է նաև համասեռամոլների՝ միմյանց նկատմամբ ոտնձգությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և  ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:

Նա նկատեց, որ այս օրենքը չի վերաբերում ընտանիքի սահմանմանը, սա վերաբերում է բռնության դեպքերին: Պարսիլյանի խոսքով՝ պատգամավորների անհանգստությունը հարուցած՝ «կենցաղային բռնություն» տերմինն այդքան էլ հասկանալի չէ, և առաջինից երկրորդ ընթերցում դա կարող է քննարկվել:

«Մենք ընտանիքը չենք ձևակերպում, մենք ձևակերպում ենք, թե բռնությունը ո՛ր խմբերում կարող է լինել, խոսքը սրա մասին է: Հասկանում եմ, որ բացեր կան, սակայն խոցելի խմբերի անվտանգությունը շատ կարևոր է»,- ասաց Պարսիլյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում բաց են քննարկումների և առաջարկությունների համար:

Նա անդրադարձավ նախագծխի այն դրույթին, որտեղ կուսության ստուգումը համարվում է սեռական բռնություն եւ արգելվում. «Բնակչության բժշկական  սպասարկման օրենսգրքում կա բժշկական գաղտնիքի պահպանման կետը: Եթե ստուգվողը չի ուզում, որ այդ գաղտնիքը բարձրաձայնվի որեւէ երրորդ անձի,  բժիշկը օրենք է խախտում՝ բարձրաձայնելով դա երրորդ անձի մոտ: Սա մինչ այդ չէր նկարագրվում որպես սեռական բռնություն, այս դեպքում դա նկարագրվում է որպես սեռական բռնություն»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի մտահոգությանը, թե ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը, Պարսիլյանն ասաց. «Չեմ ուզում շատ բացվել ցերկային եթեր է, բայց մենք չենք ուզում չէ՞ նրանց ազատենք պատժից։ Չենք ուզում չէ՞, որ նա գնա դատարան ասի՝ ես կին չեմ բռնաբարել, ժողովո՛ւրդ, ինչու եք ուզում ինձ դատեք»,-ասաց Տիգրան Պարսիլյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ նախագծում համասեռամոլների համար բացառություն սահմանելու մասին առաջարկին։

Նա ասաց, որ եթե «զուգընկերը» լայն չսահմանեն, ապա շատերին պատժի տեսանկյունից ազատ են թողնելու։

«Ինքը գալու է ասի՝ ձեր նկարագրած զուգնընկերոջ մեջ ես չեմ մտնում, լավ եմ արել՝ ինչ արել եմ»,- հիմնավորեց ՔՊ-ական պատգամավորը։