Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հետ է կանգնել որոշ պայմանավորվածություններից և վերջին րոպեին «ճգնաժամ» է ստեղծել պատանդների ազատ արձակման գործարքը վերջնականացնելու հարցում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է փոխըմբռնումից և ստեղծում է վերջին րոպեի ճգնաժամ, որը խանգարում է համաձայնությանը», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նախարարների կաբինետը չի հավաքվի Գազայի գործարքը հաստատելու համար, քանի դեռ միջնորդները չեն տեղեկացնել, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է Իսրայելի բոլոր կետերը:
Անցած գիշեր Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին երեկ պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։
Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։
Reuters-ը հայտնում է, որ «Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:
Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո»: