Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրեց, որ նա չի ցանկանում պայմանավորվել Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին ասված է արմատական շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև հենց նա է ձախողել բոլոր ջանքերը, որոնք նպատակաուղղված էին պատերազմի դադարեցմանը և գերիների ազատ արձակման շուրջ գործարքի կնքմանը, չնայած Եգիպտոսի և Կատարի մեր եղբայրների մշտական միջնորդական ջանքերին, չնայած շարժման ցուցաբերած ճկունությանը և դրական տրամադրվածությանը», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուի վրա է բարդել «այդ մոտեցման հետևանքների և Գազայի հատվածում պահվող պատանդների ճակատագրի համար լիակատար պատասխանատվությունը»:
Հուլիսի 24-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրեական պետությունը կշարունակի ռազմական գործողությունը անկլավում, մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը և պատանդների վերադարձը: