Համակարգված ճնշում, քաղաքական հաշվեհարդար է ի...

Ես ինձ թույլ կտամ բացառել ձևական նախաբանները, քանի որ ժամանակ չունենք դիվանագիտության համար, երբ մեր տանը հրդեհ է։ Ես արտախորհրդարանական ընդդիմություն եմ, չունեմ պաշտոն, չունեմ իշխանական լծակ, բայց ունեմ մեկ կարևոր բան, որն այս պահին շատ ավելի կարևոր է, քան այդ պաշտոնն ու իշխանությունը։ Դա ճշմարտությունն ասելու պարտավորությունն է: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» լսումների ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Այն, ինչ այսօր կատարվում է, այլևս չի տեղավորվում քաղաքական բանավեճի կամ ինչ-որ դիսկուրսի մեջ։ Սա համակարգված ճնշում է՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Փոքրիկ խմբակն այն անվանում է բարեփոխում, հաշվետվողականություն, անհրաժեշտ քայլ, մաքրագրում, բայց անձամբ ես ու վստահ եմ՝ հայ ժողովուրդը, այս դահլիճում գտնվող ներկաներն այդ մտքի հետ միանշանակ համաձայն չեն: Սա քաղաքական հաշվեհարդար է ուղղված այն կառույցի դեմ, որը հրաժարվում է ծնկի գալ ու սա իրավական փաստ է, կարծիք չէ:

Մեր երկրի ցանկացած փաստաբան, իրավագետ պարտավոր է հիշել մեր Սահմանադրության մասին, կրոնի ազատության մասին, խղճի ազատության մասին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների ու վճիռների մասին»,-նշել է նա:

Մխիթարյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճռներով հստակ ամրագրել է՝ պետությունը չի կարող ընտրել հոգևոր առաջնորդ, չի կարող միջամտել եկեղեցու ներքին կառավարմանը։