
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։
ՀՀ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման և խորացման միտումը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր որակ և ունի ընդլայնման ներուժ։
Նախարարն, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին, ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները վստահորեն համադրելի են՝ խթանելու փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը:
Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության գործունեությունը՝ հատկապես ներքին կայունության ապահովման և միգրացիոն քաղաքականության ոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների անվտանգության և բարօրության։