Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերը տանկերի միջոցով շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը, ասված է քրդական կազմավորումների «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Դամասկոսի կառավարական ուժերը դիմել են Շեյխ Մաքսուդ շրջանի (Հալեպ) խեղդող պաշարման, որը ուղեկցվել է ինտենսիվ հրետակոծությամբ և թաղամասերի տանկերով շրջապատմամբ, ինչպես նաև լայնածավալ հարձակման ուղղակի սպառնալիքներով»,- ասված է հայտարարության մեջ։
Իշխանություններն, իրենց հերթին հայտնել են, որ ՍԴՈՒ-ի մարտիկները շարունակում են հարվածել քաղաքի բնակելի թաղամասերին և մարդասիրական միջանցքներին, որոնք բացվել էին մինչև պարետային ժամը՝ մարտական գոտուց փախչել ցանկացող քաղաքացիական անձանց համար։
Սիրիական բանակի հրամանատարությունը պարետային ժամը սահմանել է Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդական թաղամասերում՝ սկսած 15:00-ից։
Չորեքշաբթի ավելի վաղ սիրիական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հալեպի քրդական թաղամասերում վերսկսվել են զինված բախումները երեքշաբթի երեկոյան ձեռք բերված ժամանակավոր հրադադարից հետո։
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը քաղաքում տիրող իրավիճակի պատճառով հայտարարել է Հալեպի միջազգային օդանավակայանի գործունեության դադարեցման մասին: Չորեքշաբթի օրը փակվել են նաև կառավարական գրասենյակները:



