Հակոբ Սիմիդյանն ինքն է խնդրել իրեն ազատել Շրջ...

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ինքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել իրեն ազատել նախարարի պաշտոնից։ 

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ։ 

«Ես նախ ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ պարոն Սիմիդյանը ինքն է ինձ դիմել, որպեսզի ես իրեն ազատեմ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Համոզված եմ, որ պարոն Սիմիդյանի փորձը և քաղաքական ու կառավարչական ոլորտի գիտելիքները հետագայում կկարողանանք ծառայեցնել պետության հետագա զարգացման գործին։ Պարոն Սիմիդյանի հետ մենք շատ վաղուցվանից ենք համատեղ գործունեություն ծավալում, և համոզված եմ, որ այդ գործունեությունը դեռ կշարունակվի»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Հուլիսի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել էր Համբարձում Մաթևոսյանը։