Հակոբ Արշակյանը ընդունել է Հունգարիայի ԱԺ նախ...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որեւէ հարց:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հակոբ Արշակյանը ողջունել է Բուդապեշտում՝ Հայաստանի եւ Երեւանում՝ Հունգարիայի մշտական դեսպանությունների բացումը: Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի այդ գործընթացին:

ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է նաեւ տարածաշրջանային իրադրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խաղաղության գործընթացը: Այս համատեքստում նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին եւ ԹՐԻՓՓ նախագծին:

«Խաղաղության եւ համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարեւոր հարթակին մասնակցում է նաեւ Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Կարեւորելով Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց վերադարձը հայրենիք՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը. 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:

Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը եւս անդրադարձել է երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Իշտվան Յակաբն իր հերթին կարեւորել է խաղաղության գործընթացը, նշել, որ դրան այլընտրանք չկա: Նրա խոսքով Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին եւ կողմ է վիզաների ազատականացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանը, մի շարք այլ ոլորտներում կապերի խթանմանը: Ընդգծվել է հունգարահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման առումով: