Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայ մշակութային ե...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին մասնակցել է Դիլիջանում մեկնարկած Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) չորրորդ ամենամյա համաժողովին:

«Ամեն տարի այս համաժողովին մասնակցում են հանրահայտ մասնագետներ. նպատակն է համախմբել մարդկանց, ովքեր պատրաստ են անել ավելին հանուն գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման»,- ողջունելով մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը: Նա շնորհակալություն է հայտնել Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությանը (ASOF) նման ձեւաչափով համաժողով, պանելային քննարկումներ կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային ժողովի  հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ամենամյա համաժողովը հարթակ է ներկայացնելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներն ու նախագծերը: Նպատակն է Հայաստանը դարձնել մրցունակ երկիր համաշխարհային գիտական եւ տեխնոլոգիական ոլորտներում՝ աջակցելով կրթության, գիտահետազոտական, արդյունաբերության ոլորտներում կարողությունների զարգացմանը:

Գիտության եւ տեխնոլոգիաների վերաբերյալ պանելային քննարկմանը ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար Հակոբ Արշակյանը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում:

Ձեւավորվել են 8 աշխատանքային խմբեր. երեք «հորիզոնական»՝ կրթություն, գիտություն, արդյունաբերություն եւ 5 «ուղղահայաց»՝ արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն եւ ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա եւ կյանքի գիտություններ: Խոսելով ձեւավորված աշխատանքային խմբերի գործունեության մասին՝ նշվել է, որ աշխատանքային խմբի կողմից կազմվել եւ շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը: Հիմնադրամի նպատակներից է զարգացնել եւ ամրապնդել ՏՏ ոլորտում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները, կրթական ոլորտում խորացնել հետազոտական ներուժը, ինչպես նաեւ ստեղծել բարենպաստ միջավայր կայուն բիզնեսի զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կառավարման խորհրդի՝ պետություն-մասնավոր համամասնությանն ու ձեւաչափին, հիմնադրամի աշխատանքին եւ հաշվետվության մեխանիզմներին:

Պանելային քննարկմանը մասնակցել են Բրաունի համալսարանի պրոֆեսոր Նորա Այանյանը, Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի պրոֆեսոր Կարեն Էգիազարյանը, <<ԵՐԵՎԱՆԷՆ>> գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը եւ Հայկական կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը: Մտքերի փոխանակության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությունը (ASOF) միավորում է 361 գիտնականների եւ փորձագետների աշխարհի 35 երկրներից, որոնք մասնագիտացած են 126-ից ավելի գիտական ուղղություններում: Այս բազմազան համայնքում ընդգրկված են ինչպես խոստումնալից երիտասարդ մասնագետներ, այնպես էլ կայացած գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ: ASOF անդամներից ավելի քան 55-ը ներկայում դասավանդում եւ հետազոտական գործունեություն են իրականացնում աշխարհի առաջատար շուրջ 100 համալսարաններում: