
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը և շնորհակալական նամակ հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին:
Արցախի ԱԺ-ից տեղեկացրին, որ Արթուր Թովմասյանը գործընկեր պատգամավորների անունից իր խորին երախտիքն է հայտնել Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և նախագահին նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ. նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի:
«Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձեւի ընդունման լուրը: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի՝ իր քաղաքականությունից»,-գրված է Արցախի ԱԺ նախագահի նամակում: