
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել, որն ըստ քննադատների՝ թուլացնում է երկրի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Օրինագծի ստորագրումը երկրում ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության առիթ է դարձել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ քննադատների՝ նոր օրենքը խաթարում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը՝ դրանք դնելով գլխավոր դատախազի վերահսկողության տակ։
Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։
Հակակոռուպցիոն մարմինների ղեկավարները կոչ են արել նախագահին չստորագրել փաստաթուղթը: Այս օրենքի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Կիևում, Լվովում, Դնեպրում և Օդեսայում, իսկ հակակոռուպցիոն մարմինները շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին աջակցության համար:
Եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «հակակոռուպցիոն կառույցների նկատմամբ վերջին գործողությունների առնչությամբ»։
«ԵՄ-ն զգալի ֆինանսական օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ պայմանով, որ առաջընթաց լինի թափանցիկության, դատական բարեփոխումների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։
Օրենքի ընդունումը քննադատել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի «անկախությունը պաշտպանելու հիմնական երաշխիքների անտեսումն» անվանելով «լուրջ նահանջ»։ Նա շեշտել է, որ հակակոռուպցիոն երկու մարմիններն էլ շատ մեծ նշանակություն ունեն Ուկրաինայի ուղու համար դեպի ԵՄ։
Մեծ յոթնյակի երկրների դեսպաններն էլ հայտնել են, որ կցանկանային Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշումը։