Առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Տեսանյութում Հակոբյանն ասում է, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- ասում է Աննա Հակոբյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը փետրվարի 24-ին ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ուսումնասիրվում է այդ թվում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։
Հակակոռոպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա, բայց վերահաստատեց, որ ուսումնասիրվում է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հիմնադրամը հայտարարեց անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին։ Լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից հետաքրքրվել էին՝ արդյոք անվճար դասընթացների մասին հայտարարելով՝ չի խախտվել քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքը։ «Կոնկրետ ձեր ասած դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում մենք հաղորդում չունենք այս պահին։
Բայց վաղը, մյուս օրը, եթե ունենանք հաղորդում, և եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ՝ իրավական առումով այստեղ ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում, գնահատական տրվի։ Եթե մենք ձեր ասած դեպքով ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում, և հանրությունը կիրազեկվի պատշաճ»,- ասել էր Նահապետյանը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուներին, կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին ընտրողներին կամ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև բարեգործությունը քարոզչության հետ զուգակցելու համար։
Օրենքը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։ Իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պաշտոնապես հայտարարվել է․ դրանք կկայանան հունիսի 7-ին։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն էլ՝ նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրել կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ։
Միաժամանակ, այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կամ գործունեությունը կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների հետ, նախընտրական քարոզչության ժամանակ չեն կարող իրականացնել բարեգործություն այն համայնքներում, որտեղ անցկացվում են տվյալ ընտրությունները։



