
Արդարադատության նախարարությունը նախատեսում է հնարավորություն ստեղծել միևնույն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միավորելու համար։
Նախագիծը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ գործող օրենսգիրքը թույլ է տալիս, որ նույն դատավորի վարույթում գտնվող փոխկապակցված գործերը միավորվեն, սակայն հստակ կառուցակարգ չկա, որը թույլ կտա տարբեր դատավորների վարույթում քննվող գործերը միացնել մեկ վարույթում։
«Այս հարցը հատկապես արդիական է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների առանձնահատկությունների պատճառով, որտեղ հաճախ առկա են փոխկապակցված գործեր: Եթե դատավորների վարույթում գտնվող գործերն ունեն առնչություն միմյանց հետ, ապա տրամաբանական է, որ դրանք քննվեն նույն դատավորի կողմից՝ խուսափելով կրկնօրինակվող դատավարական գործընթացներից»,- նշեց Դադունցը:
Նախագծով առաջարկվում է, որ երկու կամ ավելի դատական վարույթներ կարող են միացվել, եթե բոլոր դատավորները քննարկել են այդ հարցը և կայացրել են միավորման թույլտվության մասին որոշում: Եթե դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը իր որոշումը փոխանցում է մյուս դատավորներին, իսկ եթե նրանք ևս դրական որոշում կայացնեն, գործերը կփոխանցվեն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ելույթում նշեց, որ նոր մեխանիզմը ձեռնտու է ոչ միայն դատարաններին, այլև պատասխանող կողմերին։
«Պատասխանողների համար ևս լրացուցիչ ռեսուրսի վատնում է, երբ նույն փաստական հանգամանքները պետք է քննարկվեն տարբեր դատավարական գործընթացներում: Սա և՛ ֆինանսական, և՛ ժամանակի ծախս է ենթադրում, իսկ նոր կարգավորումը կբարձրացնի դատական գործընթացի արդյունավետությունը»,- ընդգծեց նախարարը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը։