Արդեն մոտ երեք ժամ է խուզարկություն է իրականացվում։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, քննարկումն ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկել էին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հովհաննես աբեղա Թորգոմյանը՝ անդրադառնալով ԲԿ-ում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությանը։
Նա հայտնեց, որ խուզարկություն են իրականացնում տնօրենի, բուժական գծով փոխտնօրենի և ֆինանսական գծով փոխտնօրենի աշխատասենյակները։ Հոգևոր տեսուչն ասաց, որ առգրավել են գլխավոր հաշվապահի և փոխտնօրենի համակարգիչները։
«Մենք սրան սպասում էինք, ասեմ՝ ավելի, շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք իրենց սպասում։ Սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում է։
Քննչական կոմիտեն տարածեց, որ խոշոր չափի հարկեր չեն վճարել։ Բացարձակ, լկտի սուտ է, մենք կապ չունենք նման բանի հետ։ Իրենք արդեն ձևակերպումը պատարստ եկել էին։ Ուղղակի պետք է գործողությունները սկսեին, նոր հրապարակեին այդ ձևակերպումը։
Իրենք ամեն քայլի ընդունակ են։ Սրբազանի ասածի համաձայն, եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև մեր գործն արդար է»,- ասաց ԲԿ-ի հոգևոր տեսուչ Հովհաննես աբեղա Թորգոմյանը։



