Թեղիների կենսունակության տարիքը շուրջ 40-50 տարի է, իսկ այն ծառերը, որ մինչև հիմա կանգնած են Երևանում, 70-80 տարեկան են. Եթե մարդը, եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը, մենք ինչքան էլ դեղ տանք, չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 11–ին, րագրողների հետ զրույցում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ծառերի փոխարինման ընթացքը։
«Բնության մեջ յուրաքանչյուր բան՝ ծառ, թուփ, մարդ, շուն, կատու, ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների կյանքի տևողությունը դեռևս վաղուց ավարտված է։
Նեմատոդային որդերը, որոնք ծառերի բնամասում են, քայքայելով, վերացնում են արմատ-սաղարթ կորելացիոն կապը, հետևաբար սաղարթները վերանում են։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ սաղարթ ունենք։ Մենք չենք ասում, որ փոխարինում ենք երիտասարդ ծառերը, տեսեք, այս հաստաբուն ծառերի պարագայում մենք ունենք ծաղկամանի մեծության ինչ-որ սաղարթ ծառերի գլխին։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ։
Այս երկաթյա սյունը և այս թեղիները նույն բանն են, ավելին՝ այս թեղիներն ավելի վատ են, որովհետև երկաթյա սյունը ոչ մի հիվանդություն չի տարածում, իսկ այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, ժողովրդական լեզվով, որդ ու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա»,– հայտարարեց Բեգոյանը։
Նա հայտարարեց, որ թեղի ծառատեսակը զարգացած երկրներում որպես առանձին տնկվող ծառ չի էլ համարվում. «Դրանք տնկվում են իրար շատ մոտ՝ կողք-կողքի, ինչպես մեր մոտ բորդյուրային թփերն են՝ խուզելու և պատնեշներ ստանալու համար: Թեղի տեսակի ծառատեսակը շատ էժանագին, կարճ կյանքի տևողություն ունեցող և, ինչպես պարզվեց, Երևանին չդիմացող, բազմաթիվ հիվանդություններ ունեցող ծառատեսակ է։ Հետևաբար այս խուզման համար նախատեսված ծառերը, որ սովետական ժամանակահատվածում տնկել են, նրանք շատ հեշտ ենթարկվում են խուզումների, ձևավորումների։ Դրա համար, հաշվի առնելով, որ նրանք շատ ծեր են, մենք կատարում ենք բավականին խորը էտ։ Ո՛չ հացենիների մոտ, ո՛չ կաղնիների, ո՛չ սոսիների, ո՛չ ակացիաների մոտ, ոչ մի ծառատեսակի մոտ, դուք չեք տեսնի գլխից իջեցված ծառ։ Դրանք ենթարկվում են սանիտարական էտի նորմաներով։
Թեղիները և բարդիները, քանի որ սպառել են իրենց կենսունակության տարիքը, նրանք ծեր են, մենք նրանց սաղարթերը իջեցնում ենք»,– ընդգծեց Բեգոյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են նաև առողջ ծառեր հատվում՝ Բեգոյանն ասաց․ «Քաղաքապետարանը և քաղաքային իշխանությունը Երևանում իրականացրել են բազմաթիվ ռեֆորմներ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանում հիմնվել է 7 ուրբան անտառ, մինչ այդ՝ ոչինչ չի հիմնվել։ Վերջին 3 տարում տնկվել է 25 հազարից ավելի արժեքավոր ծառատեսակ, որոնք բոլորը կպել են։ Քաղաքապետարանը չի խնայում և ոչ թե բարակ շիվեր է տնկում, այլ հասուն ծառեր, որոնք բավականին թանկ են։ Քանի որ Երևանը ժամանակ չունի այս շիվը տնկելու և 10 տարի սպասելու»։



