«Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի կա` տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այդ պաշտոնում ընտրվել է 2020-ի նոյեմբերին, 5 տարով, սակայն արդեն քննարկումներ են սկսվել այս թեմայի շուրջ: Տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։

Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թեւոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թեւոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:

Երբ հիշեցրինք, որ նման տեխնիկական հարցերը լուծվող են` կարող է հրաժարական տալ եւ առաջադրվել, ասաց, որ տնօրենի ժամկետի ավարտին դեռ շատ կա, պետք չէ շտապել` «ինչո՞վ է այդ հարցն այդքան հրատապ»:

Ապա պատասխանեց․ «Հանրային հեռուստատեսության տնօրենն աշխատում է շատ արդյունավետ, չի բացառվում, որ հետագայում նրա պայմանագիրը նաեւ երկարաձգվի, առայժմ որեւէ տեղ չի քննարկվում տնօրենի հնարավոր նոր թեկնածություն, ինքս բացարձակ նման մտադրություն չեմ ունեցել, որեւէ տեղ նման ցանկություն չեմ հայտնել եւ որեւէ տեղից նման առաջարկ չեմ լսել: Ինձ համար, իսկապես, անակնկալ է, որ Դուք զանգել եւ նման հարց եք տալիս»։

Օրենքը, հիշեցնենք, ասում է․ «Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում