Գյուղը լքող գյուղապետն ու հեռավոր Սյունիքից հ...

Արագածոտնի մարզի Զովասար համայնքը շուրջ 14 տարի է՝ (2005 թվականից սկսած) ղեկավարում է Կիրակոս Պողոսյանն, ով նշելով, որ գյուղը վերջին տարիներին դատարկվում է, ասում է.«Հենց էս պահին, երբ դադարեմ համայնքապետ լինել, միանգամից կտեղափոխվեմ Երևան: Տունն առել եմ, սպասում եմ էդ օրվան»:

Համայնքում գրանցված 533 բնակչից փաստացի ապրում է մոտ 500-ը: Գյուղապետը նշում է՝ վերջին երկու տարում ավելի քիչ են հեռանում, բայց նոր ընտանիքներ էլ չեն կազմվում, ծնելիությունը նվազել է:

Գյուղում զբաղվում են հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ: «320 հեկտար վարելահող կա, որից օգտագործվում է կեսից քիչ ավելին՝ 170-180 հեկտարը: Մշակվում է գարի, կորնգան, առվույտ: 264 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մանր եղջերավոր՝ 1000-1200: Կաթը մթերում են լիտրի դիմաց 120 դրամով»,-պատմում է գյուղապետը: Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում գյուղի զարգացումը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ Կիրակոս Պողոսյանը դժվարանում է պատասխանել: Ասում է՝ աշխատատեղ չկա, դա էլ զարգացման նախապայմանն է: 

Ըստ համայնքապետի՝ գյուղում բազմաթիվ երիտասարդ տղաներ կան, որոնք չեն ամուսնանում: Պատճառը ոչ միայն աշխատատեղերի բացակայությունն ու սոցիալ-տնտեսական սուղ պայմաններն են, այլև հարսնացուների բացակայությունը: «Աղջիկներն ամուսնանում, գնում են գյուղից»,-նշում է գյուղապետը:

Մինչ գյուղից աղջիկները հեռանում են, Սյունիքի հեռավոր գյուղերից մեկից դեռևս 17 տարեկանում Զովասար հարս է եկել Շուշանը: Այժմ 22 տարեկան է և երկու տղա երեխաների մայր: Շուշանի սկեսուրի անունն էլ Շուշան է: Ասում են՝ ճակատագիր է, գտել են իրար: «Ես 3 տղա ունեմ, Շուշանն էլ դարձել է իմ աղջիկը»,-նշում է ավագ Շուշանը: 

Փոքրիկների մանկությունն էլ անցնում է ցեխից տնակներ սարքելով: Ծնկի վերքերն իրենց համար սովորական են, չեն էլ լացում: Մայրը դժգոհում է՝ մանկապարտեզ չկա: Տատիկն էլ հույս է հայտնում՝ կմեծանան, կլքեն գյուղը.«Ստեղ ապագա չկա, ուզում եմ՝ դուրս գնան, մնան, ինչ անեն, ինչի հասնեն»:

Խոսելով վերջին մեկ տարում երկրում եղած փոփոխությունների մասին՝ սկեսուր Շուշանն ասում է.«Հեղափոխությունից հետո ոչ մի փոփոխություն էլ չի եղել մեզ մոտ, մեր ընտանիքում: Տարիներ պետք է անցնեն, որ էդ փոփոխությունները մեր գյուղ էլ հասնեն»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մարիամ Սարգսյան