Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի...

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը շարունակում է մնալ արգելանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը երկարացրել է խաչատուր Բալասանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ ևս մեկ ամսով։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։

2025թ․ հունվարին Խաչատուր Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով։ Մինչ այդ նրա նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը փոխարինվել էր կալանավորմամբ, որը դեկտեմբեր ամսին երկարացվել էր, իսկ հունվարին, ինչպես արդեն արձանագրվեց, փոխվել է գրավով և տնային կալանքով։

Նշենք, որ նախաքննական մարմնի վարկածով` Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, դատարանն ի սկզբանե մերժել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը, ինչը 2025թ հունվար ամսին կրկին փոխվել է գրավով և տնային կալանքով։

Գործով ձերբակալվածների թվում են եղել նաև Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հինգ մեղադրյալ կա։
Սամվել Բալասանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։