Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում արված...

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Երկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն: Ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը:

Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ:

Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել: Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները: Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ:

Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի:

Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն:

Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքներ են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը: Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց:

Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում:

Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում: Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ: