Գյումրու երթուղային ցանցը համալրվեց 8 նոր միկրոավտոբուսով:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել 30 միկրոավտոբուս՝ քաղաքի երթուղային ցանցի լիարժեք թարմացման համար:
30 միկրոավտոբուսի ձեռքբերման սուբվենցիոն հայտն ուղարկվել է կառավարության հաստատմանը: Առայժմ ձեռք է բերվել 8 միկրոավտոբուս՝ հրատապության հիմքով, քանի որ քաղաքի 3 երթուղիներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊԸ-ն երկուսի սպասարկումից հրաժարվել է:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ 8 միկրոավտոբուսները կսպասարկեն 14 և 18 համարի երթուղիները: Մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման նախահաշվային արժեքը՝ 18 076 666 մլն դրամ է, հաղթած գինը՝ 14 900 000 մլն:
«Հուսով ենք, որ կկարողանանք նաև 22 համարի երթուղու բացը փակել և քաղաքը սպասարկող 8 երթուղիները՝ թարմացված միկրոավտոբուսներով, կսպասարկենք 1 ՓԲԸ-ի միջոցով: Իմ հանձնարարությամբ միկրոավտոբուսներում կլինեն և՛ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի, և՛ համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները, որպեսզի բնակիչները կարողանան իրենց առաջարկներն ու բողոքները ներկայացնել: «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն արդեն երկու անգամ գումարներ է փոխանցել համայնքի բյուջե, այդ գումարները կհավաքվեն և կծառայեցվեն ՓԲԸ-ի պարկի թարմացմանը»,- մանրամասնեց քաղաքապետը:
Համայնքի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաև «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք 5 էլեկտրական ավտոբուսներին, դրանց շահագործմանը և մի շարք այլ հարցերի:
Նոր միկրոավտոբուսների շահագործման, երթուղիների սպասարկման, առկա խնդիրների, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքների մասին լրագրողների հետ խոսել է նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Անդրիասյանը՝ նշելով, որ անում են ամեն ինչ բնակիչների որակյալ սպասարկումն ապահովելու համար:
Գյումրու համայնքապետարանը 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք էր բերել 63 նոր միկրոավտոբուս, մասնակի թարմացրել երթուղային ցանցը: Ձեռք բերված նոր միկրոավտոբուսները երթուղային ցանցում շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից: ՓԲԸ-ն բացվել է Գյումրու համայնքապետարանին կից։



