Գյումրիում զանգվածային անկարգությունների մասն...

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին։ 

Քննչական կոմիտեից նաև փոխանցեցին, որ ևս 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: 

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում  քննչական գործողություններ է իրականացնում Գյումրիի համայնքապետարանում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Դրանից հետո Ղուկասյանի աջակիցները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և իրենց բողոքն էին արտահայտում Ղուկասյանի ձերբակալման առնչությամբ։ Ակցիայի ընթացքում բախում եղավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին։