
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում նշվել է Երկաթուղայինի օրը: Քանի որ երկաթուղայիների մասնագիտական օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը, միջոցառման նախաշեմին՝ հուլիսի 30-ին, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը երկաթուղային համակարգի բնականոն և անխափան աշխատանքի կազմակերպման, անմնացորդ նվիրումի համար շնորհակալագրեր է հանձնել երկաթուղու մի շարք աշխատակիցների։
Ինչպես տեղեկանում է Շիրակի մարզպետարանը, միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանը, երկաթուղայիններ։
Ողջունելով և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Դավիթ Առուշանյանը կարևորել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությունն ու անխափան աշխատանքը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ արդեն երկրորդ անգամ առիթ ունեմ ձեզ շնորհավորելու մասնագիտական օրվա առթիվ։
Երկաթուղին համարվում է մեր երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը և մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն առավել մրցունակ կդարձնի մեր երկաթուղին։ Հաշվի առնելով այն, որ մենք գնում են մեր հարևան երկրների հետ համագործակցության ճանապարհով, կարևոր է, որ երկաթուղին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների, ծառայությունների որակի ապահովման առումով լինի առավել մրցունակ»,-նշել է Շիրակի մարզպետը:
Հյուրերը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջել են ընկերությունում: Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է երկաթուղու գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրերը, ընդգծել, որ վերջերս ձեռք է բերվել 200 նոր բեռնատար վագոն։