Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը․ «Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում»,-նշվում է հուշագրից դուրս գալու հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրություններում Գյումրիում ամենաշատ քվեն ստացել էր «Բալասանյան դաշինքը», որը կարող էր այլ ընդդիմադիր ուժի հետ համագործակցելով վերցնել քաղաքի իշխանությունը, բայց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքը որոշեց, որ պետք է համագործակցի ՔՊ-ի հետ և քաղաքապետ դարձավ Բալասանյանների հետ մտերիմ հարաբերություն ունեցող Վարդգես Սամսոնյանը։ Ըստ վերհիշատակված հայտարարության Սամսոնյանը չէ իրականում կառավարում քաղաքը և ՔՊ-ն Բալասանյանների ընտանիքին մեղադրում է քաղաքը ստվերային կարգով կառավարելու մեջ։
Ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Աննա Հակոբյանը ցանկանում է իր ազգականին դարձնել քաղաքապետ և որպեսզի Բալասանյանները գործարքի մաս դառնան, Միսակ Բալասանյանին՝ Սամվել Բալասանյանի որդուն նշանակեցին Իրաքում ՀՀ դեսպան։ Հիմա կարծես Աննա Հակոբյանի ազգականին Գյումրու քաղաքապետ նշանակելու ժամանակն է եկել ու իշխանությունները քաղաքական ապահարզանի տեսարան են բեմադրում, որպեսզի գնան նոր ընտրությունների։
ՔՊ-ն ըստ ամենայնի չի ցանկանում Բալասանյաններից շարունակել մնալ կախման մեջ ու հենց սա է նոր ընտրությունների գնալու գլխավոր պատճառը։ Այն որ քաղաքական «ապահարզանը» բեմադրություն է՝ ցույց է տալիս մեկ բան, քաղաքական գործարքի արդյունքում դեսպան նշանակված Միսակ Բալասանյանը շարունակում է մնալ իր պաշտոնին, ինչը չէր կարող այդպես լինել, եթե ՔՊ-ի ու Բալասանյանների մեջ իրական կոնֆլիկտ լիներ։
Տարիներ առաջ Սամվել Բալասանյանը, երբ դեռ ՕԵԿ անդամ էր հայտարարել էր, թե իր «ճակատին ՕԵԿ է գրված»։ Այս հայտարարությունից հետո Բալասանյանը հասցրեց լինել ԲՀԿ-ում, հետո դառնալ ՀՀԿ թեկնածուն, հետո գործարքի մեջ մտավ ՔՊ-ի հետ, հիմա էլ հանուն Աննա Հակոբյանի ազգականի քաղաքական բեմադրության մասանակից է դառնում։ Հուսանք Բալասանյանի ճակատին հիմա գրվող «Աննա Հակոբյան» գրառումը կլինի վերջինը, ի վերջո եղածը ճակատ է, ոչ թե «տրաֆարետ»։



