
Հայաստանում ամեն օր արթնանում ենք հերթական ոստիկանական, ԱԱԾ-ական գործողություններով, անօրինական գաղտնալսումներով, կալանքներով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրու քաղաքապետարանի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ Երևան-Գյումրի ամբողջ մայրուղին ոստիկանական մեքենաներ էին, ԱԱԾ-ի հատուկ նշանակության բեռնատարներ։
Ընդդիմադիր պատգամավորը նաև դիմեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Վրաստանում հարյուրավոր բեռնատարերի արգելքի պայմաններում ֆեյսբուքյան գրառումներ է անում։
Գեղամ Մանուկյանին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել քաղաքապետարանի շենք։
Նա հայտնեց, որ կալանքները համատարած բնույթ են կրում համայնքապետերի, քաղաքական գործիչների և հոգևորականների դեպքերում։
«Երբ զանգում ենք ԱԱԾ և ասում ենք, որ Իշխան Սաղաթելյանի հետ գալու ենք սրբազանի հետ հանդիպման, այնտեղից հարցնում են՝ ո՞ր սրբազանի։ Այս վիճակն է»,-ասաց Մանուկյանը և հավելեց. «Հայաստանում գործում է ամենամեծ հանցավոր բանդան, որի մեջ է մտնում ԱԱԾ-ն՝ օպերատիվ ամբողջ համակարգով, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեն, ամենավերևը Նիկոլ Փաշինյան՝ քաղաքական պատվերը և այդ ամեն արտահոսքերն իրականացվում են «Մեդիա նյուզ» լրատվական կայքով»։
Նա նաև հայտնեց, որ չի լինի դեպք, որ որևէ քաղաքացու վերաբերյալ վերոնշյալ կայքում ձայնագրություն հայտնվի և նրա հետևից իրավապահները չգնան՝ նաև ՔՊ-ականների։
Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։