«Գյումրիի պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ...

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, 2012թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2012-2018 թվականներին, վատնման եղանակով հափշտակել է ՓԲ ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 34.389.844 ՀՀ դրամ, ինչպես նաեւ որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենը, իր կնոջը, ազգականին եւ ծանոթին հրամանագրել է ՓԲ ընկերությունում՝ որպես աշխատակիցներ, ապա՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չներկայանալու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանց աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է վերջիններիս տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որոնք ամեն ամիս հաստատել է: Արդյունքում՝ մինչեւ 2018թ. սեպտեմբերը ՓԲ ընկերության միջոցներից նշված անձանց վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.577.344 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության տնօրենը ստացել է ընկերությունում իրականացված դիահերձումների՝ պետականորեն սահմանված գումարների մի մասը, հարկային մարմիններին ներկայացրել իրականից ավելի քիչ քանակությամբ կատարված դիահերձումների վճարներ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով գումարը, չմուտքագրելով դրամարկղ, յուրացման եղանակով հափշտակել է:

Ինչպես նաեւ՝ 2013թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերության անունից Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկում իրականացրել է դիահերձումներ, տրամադրել մահվան բժշկական վկայականներ եւ ստացել յուրաքանչյուր դիահերձման համար պետականորեն սահմանված գումարը: Վերջինս կատարված դիահերձումների դիմաց ստացված գումարները չի մուտքագրել ՓԲ ընկերության դրամարկղ՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 25.812.500 ՀՀ դրամ:

Բացի այդ, Շիրակի մարզի երկու բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն, ինչպես նաեւ՝ ծառայության գծով հովանավորչություն կատարելու համար, 2012թ. հուլիսի 21-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության տնօրենը վերջիններից որպես կաշառք մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.861.073 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով  (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս կնոջը եւ ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շիրակի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 8.578.000 ՀՀ դրամ:

Քրեական գործից նշված մեղադրյալների մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ՓԲ ընկերության տնօրենի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին եւ հայտարարվել հետախուզում: