
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծիք է հայտնել, որ օգտակար կլիներ սահմանափակել վետոյի իրավունքը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում: Այս մասին նա ասել է իսպանական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«ՄԱԿ-ը շատ ընդգրկուն խումբ է։ Եվ կա մի հիմնարար խնդիր, որն Անվտանգության խորհուրդն է», - ասել է նա:
Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ՄԱԿ ԱԽ-ն «չունի լեգիտիմություն՝ ներկայացնելու այսօրվա աշխարհը»: Ինչպես կարծում է Գուտերեշը, անհրաժեշտ է ընդլայնել Խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների թիվը:
«Իմ կարծիքով՝ օգտակար կլինի սահմանափակել վետոյի իրավունքը որոշ հանգամանքներում, որոնք բացարձակապես անթույլատրելի են, օրինակ՝ ցեղասպանության ռիսկը», - հավելել է նա:
Միևնույն ժամանակ գլխավոր քարտուղարը հավելել է, որ նման բարեփոխումները բարդ է իրականացնել, և որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն «արդյունավետության խնդիր ունի»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 10 ոչ մշտական անդամ, ամեն տարի ռոտացիայի շրջանակներում փոխվում է հինգ պետություն: Ի տարբերություն մշտական անդամների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա), նրանք վետոյի իրավունք չունեն։
Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի երկրների մեծ մասն ընդունում է այդ մարմինը բարեփոխելու անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ նա տարօրինակ է համարում պետությունների ռազմական ծախսերի ավելացումը և միջազգային համագործակցության և մարդասիրական օգնության ծախսերի կրճատումը։
Հունիսի 24-25-ին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի երկրների ղեկավարները համաձայնել են պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի: