Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստա...

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին  ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների  միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։

 Գուրգեն Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին՝ տարիների ընթացքում Արցախին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:

Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նա ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը՝ խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:

Հանդիպման վերջում  ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։