Ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը հատել է իմ համբերության սահմանը, ուզում եմ անդրադառնալ Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից րվող տարբեր տեսակի հայտարարություններին: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Արցախի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ուշադիր եղեք ձեր քաղաքական ղեկավարության նկատմամբ, որովհետեւ այն հայտարարությունները, որոնք հնչում են այստեղից, ունեն մի նպատակ՝ ապահովել Արցախի բնակիչների անվտանգ եւ ապահով կյանքը: Դրա մասին ենք մենք խոսում, դրա մասին է խոսում վարչապետը, դրա մասին եմ խոսում ես ու անընդհատ հղում են անում Արցախի բնակիչներին, ասում եմ՝ ուշադիր եղեք ձեր ղեկավարության նկատմամբ, որովհետեւ ձեր ղեկավարության կողմից արձագանքը մեր կողմից հնչեցրած թեզերին, շատ տարօրինակ է: Այդ տարօրինակությունը հետեւլայն է, որ կան իրենք հասկանում են, բայց խեղաթյուրում են մեր ասածները՝ արձագանքելով ուրիշ կերպ, կամ էլ չեն հասկանում: Հիմա որ մեկն է վտանգավոր, դա արդեն պրոբլեմ է: Ինձ թվում է երկրորդն ավելի վտանգավոր է, երբ ընդհանրապես չեն հասկանում, որ հասկանալու լրջագույն խնդիր ունեն: Ու ես կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում մենք պետք է արդեն իրենց բացատրենք, որովհետեւ չափ կա, սահման կա»,-ասաց նա:
Արսենյանը նաեւ հավելեց. «Երբ որ Հայաստանի քաղաքական գործիչների, Հայաստանի ղեկավարության նկատմամբ հնչում են ինչ-որ պահանջներ մարդկանցից, որոնք գործողություն չեն անում իրենց խնդիրները լուծելու համար, որոնք որոշել են, որ այնտեղ նստած մեզ քննադատողների բազմությունն են, տրված է այդ սրբազան իրավունքը մեզ քննադատելու: Ոչ, դուք մեզ քննադատողները չեք: Դուք մեր հայրենակիցներն եք, բայց մենք ՀՀ քաղաքական ղեկավարներն ենք, Հայաստանի համար պատասխանատու մարդիկ ենք: Դրա համար են մեզ ընտրել, ձեզ էլ ընտրել են, որ Արցախի համար պատասխանատու լինեք, ոչ թե մեզ քննադատեք, թե էս ինչ ասացինք: Մենք ասում ենք էն, ինչը համարում ենք ճիշտ, օգտակար, մենք ասում ենք էն, ինչի մասուն չեք խոսել, չեք ուզեցել խոսել, որովհետեւ դերակատարումները փոխվել են, հարգելի խմբակցությունների անդամներ:
Էդ դերակատարումը, որ դուք հիմա էլ անում եք, աշխատում էր էն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական թատերաբեմում կային Արցախից եկած հյուրախաղերով հանդես եկող գործիչներ առաջին պլանում: Էդպիսի գործիչներ հիմա չկան, ո՞ւմ համար եք դա անում»:
Արսենյանը հայտարարեց. «Մեր տունը Հայաստանն է, մեր երկիրը Հայաստանն է, հայերի պետությունը Հայաստանն է ու էս Հայաստանի համար մենք պայքարելու ենք, աշխատելու ենք ու շենացնելու ենք մեր երկիրը»:



