Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։ Արսենյանն այս տեղեկությունը հաստատեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե իրեն դեսպան նշանակվելու առաջարկ արվե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»։
Միևնույն ժամանակ, Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ-ն մերժել է Գուրգեն Արսենյանի ագրեմանները։
«Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանմամբ ես չեմ զբաղվում»,– ասաց նա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Վաղարշակ Հարությունյանը։