Գուցե խոսակցություն եղել է Ղալումյանի և Հայկ...

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նշենք, որ այսօր ArmLur.am–ը գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:

«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է` հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Ես անձամբ որեւէ քաշքշուկի ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Միգուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել:

Քննարկում է եղել և ոչ միայն երեկ, դեկտեմբերին էլ է եղել: Երեկվա քննարկումը շարունակություն է եղել, կուսակցությունը քննարկվել է անտառների, անտառների խնդիրները, անտառների, անտառահատումների խնդիրները և և որևէ արտառոց բան չկա:»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` ArmLur.am–ը գրել էր, որ վեճին միջամտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է: