ԳՇ պետը հաստատել է, որ ադրբեջանցի զինվորականն...

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող անտառահատումների և արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը։ Նա նշել է, որ թե՛ վարչապետը, թե՛ գերատեսչության ղեկավարը և թե՛ ինքն անձամբ բազմիցս հայտարարել են, որ սահմանազատման միջոցով աշխատում են այս խնդրի լուծման ուղղությամբ։

Նա պաշտոնապես հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում՝ Ներքին Հանդ գյուղի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատվածում։ Ասրյանն ընդգծել է, որ իրենց դիրքերի կահավորման և ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում ադրբեջանական կողմը ծառահատումներ է իրականացնում պահպանվող գոտու տարածքում՝ հավելելով, որ հայկական կողմը միայն արձանագրում է այդ գործողությունները և դրանց մասին հայտնում «համապատասխան քաղաքական խողովակներով»։

«Եթե այդ անկլավները մտնում են Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի մեջ, ապա ոչ մի միլիմետր հող չի հանձնվելու»,- հավաստիացրել է Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանազատման թեմային և սահմանամերձ բնակավայրերի ճակատագրին։ Նա նշել է, որ խորհրդային շրջանում այդ տարածքներում, որոնք ներառում են հարավից հյուսիս ձգվող շուրջ 18 տեղամաս, պատմականորեն ապրել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ։ ԳՇ պետը հավելել է, որ Գլխավոր շտաբն առաջնորդվում է իր տրամադրության տակ եղած ճշգրիտ քարտեզներով, սակայն խուսափել է պատասխանել ինքնիշխան տարածքներից հակառակորդին իրականում հետ մղելու մեխանիզմների մասին հարցերին՝ միայն ընդգծելով, որ Հայաստանը պետք է հզորանա սեփական ուժերով, այլ ոչ թե հույսը դնի երրորդ երկրների վրա։