«Գրկաբաց չեն ընդունի»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ հայկական արտ...

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքին այնտեղ, անշուշտ, գրկաբաց չեն ընդունի»,- նշել է Մասլեննիկովը։

Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ թեկնածու երկրները կարող են ստիպված լինել սպասել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ՝ ԵՄ-ին անդամակցելու համար։

Հիշեցնենք՝ հունիսին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունն աշխատում է Հայաստանի համար աջակցության փաթեթի վրա, որը, ի թիվս այլ բաների, ներառում է 50 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն։

2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունեց օրենք, որով նախաձեռնվում էր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։ Ռուսական կողմն ավելի վաղ նշել էր, որ միաժամանակյա անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին, անհնար է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԵՄ-ին միանալու Հայաստանի մտադրությանը՝ նշելով, որ անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին օրենքի ընդունումն ըստ էության ազդարարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Պուտինն առաջարկել է Փաշինյանին խորհրդակցել հայ ժողովրդի հետ և լուծել հանրապետության՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու կամ Եվրոպական միությանը միանալու հարցը։ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ին Հայաստանի միանալու հարցը դեռ հասունացած չէ հանրաքվեի համար։