Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կա...

«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի»։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։

«Սեպտեմբերի 20-ին ունենք Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, որով արձանագրվել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Ընդ որում, դատարանն արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան, այսինքն՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 4-ին այդ դատական ակտը ներկայացնում են դատարանին, սակայն դատարանը որոշում է կրկին երկարացնել կալանքի ժամկետը՝ ևս երկու ժամկետով։

Փաստաբանները բողոքարկել են այս որոշումը, բողոքը մակագրվել է այն դատավորին, որն ասել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ․ «Հիմա, եթե դատավոր Հովաննիսյանը իրավական որոշումներ հայտնի, հետո այդ դիրքորոշումները վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ դիրքորոշումներից, էլ ինչի՞ համար է զբաղվում իրավաբանությամբ»։
Պողոսյանը նշում է, որ բողոքի շրջանակներում, եթե ինքնաբացարկ հայտնվի, ապա ակնհայտ կլինի, որ դատավորները փախչում են որոշում կայացնելուց, քանի որ պրակտիկայում ընդունված չէ, որ նախկինում կայացված որոշման համար պետք է ինքնաբացարկ հայտնի, ըստ այդմ, Պողոսյանը նշում է, որ դատարանը պետք է վերահաստատի սեպտեմբերի 20-ի որոշումը։

«Հակառակ պարագայում՝ ես պնդում եմ, որ ՀՀ-ում չասենք բարոյական, իրավական առումով՝ դատարան գոյություն չունի։ Ոչ մի ողջամիտ անձ ինձ չի կարող բացատրել, թե ինչպես կարող է դատարանն արձանագրի, որ անձի՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ գտնվելն իրավաչափ չի, ընդամենը երկու ամիս հետո նույն հիմքերով բողոքի դեպքում հակառակ որոշում կայացնի»,- ասաց Պողոսյանը։